Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ավետման տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման շնորհազարդ տոնի առիթով և շնորհավորում կանանց ու մայրերին` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Փրկչի Մարդացման մասին Սուրբ Աստվածածնին տրված հրեշտակաձայն Ավետիսը աշխարհի փրկության աստվածային խոստումի բարի լուրն էր` վկայությունը մարդու նկատմամբ Բարձրյալի անսահման սիրո ու հոգածության:
Մեր մաղթանքն է, որպեսզի կենսապարգև այս տոնի խորհուրդով Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր և միշտ ոգեշնչի և առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու իրենց ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ մեր Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու համար:
Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Միածին Որդին մայրության շնորհով զարդարի բոլոր կանանց և խաղաղության ու բարօրության մեջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով»:




























