Այսօր` ապրիլի 7-ին երկօրյա այցով Փարիզում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կունենա ֆրանսիական սենատի ղեկավարի հետ, այնուհետեւ օրվա կեսին կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Նա Փարիզում է Ֆրանսիայում Թուրքիայի օրերի փակման շրջանակներում:
Գերմանական DEUTSCHE WELLE-ի փոխանցմամբ` ֆրանսիական սենատում Էրդողանը քննարկելու է հայկական խնդիրը: Նա կրկին պահանջելու է ֆրանսիական սենատից չվավերացնել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթարկելու մասին օրենքը:
Թուրքիայի վարչապետի հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ տեղի կունենա Ելիսեյան պալատում:
Թուրքական Habergazete-ի փոխանցմամբ` նրանց հանդիպման օրակարգի կարեւոր թեմաներից է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օրակարգի կարեւոր թեմա է լինելու նաեւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ պայքարը: Էրդողանը կհետաքրքրվի Ֆրանսիայի կողմից ձերբակալված PKK-ի զինյալներին Թուրքիային ետ չվերադարձնելու խնդրով:
Բացի այդ, կքննարկվեն նաեւ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները եւ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Թուրքիայի վարչապետը կջանա համոզել Սարկոզիին, որ Ֆրանսիան վերացնի Թուրքիայի՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցելու դեմ դրված արգելքը:
Այնուհետ նախատեսվում է Էրդողանի հանդիպումը 200-ից ավել ֆրանսիացի գործարարների հետ, իսկ ավելի ուշ Թուրքիայի վարչապետը կհանդիպի Ֆրանսիայում ապրող թուրքերի հետ:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 6-ին ֆրանսիական Սենատի նախագահ Ժերար Լարշերի հետ մասնակցել է օպերային թատրոնում մի ներկայացման, որով էլ ավարտվել են Ֆրանսիայում Թուրքիայի օրերը:
Էրդողանի այցը Ֆրանսիա անցնում է խիստ անվտանգության միջոցառումների ներքո: Առաջին անգամ Էրդողանի արտասահմանյան այցի ընթացքում Թուրքիայից հատուկ վարժեցված ոստիկանական շուն է բերվել:




























