Ապրիլի 12-19-ը Հայկական գրադարանային ասոցիացիան հայտարարում է ավանդական դարձած «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը` «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով:

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը և Հայաստանի Ազգային գրադարանն ամեն տարի շրջայցեր է կատարում հանրապետության մարզային, համայնքային գրադարաններ, ծանոթանում գրադարանների վիճակին, խնդիրներին: Գյուղական գրադարանների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո կամ գտնվում են անմխիթար վիճակում, կամ փակվել են:

Միջոցառման շրջանակներում Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը հայտարարում է գրքահավաք` հանրապետության գյուղական գրադարանների համալրմանն օգնելու նպատակով: Եվ չնայած «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումն ընդամենը մեկ շաբաթ է, ՀԳԱ վարչությունը գտնում է, որ հավաքված գրականությունը գյուղական գրադարաններ կառաքվեն ողջ տարվա ընթացքում:

Ցանկացողները կարող են գրականությունն ուղարկել կամ բերել Հայաստանի Ազգային գրադարան, Տերյան 72, Երևան 375009, գրքափոխանակության բաժին, հեռախոս` 58 00 22: