Վրացական կողմը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնավարման տարիներին կշարունակվի Վրաստանի արդյունավետ համագործակցությունը Դաշինքի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով այդ պաշտոնում կփոխարինի Յաապ Դե Հոոպ Սխեֆերին:

Բարամիձեի խոսքով, Ռասմուսենը Վրաստանի հանդեպ «առողջ» մոտեցում ունի: Նա հիշեցրել է, որ երբ Ռասմուսենը Դանիայի ԱԳ նախարարն էր, այդ երկիրը Բուխարեստի գագաթնաժողովում ակտիվորեն պաշտպանում էր Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկությունը:

Այս հարցում Բարամիձեի տեսակետը կիսում է նաեւ Վրաստանի վերաինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: «Վրաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամանակահատվածում մեր երկիրը կանդամագրվի Դաշինքին»,-ասել է նա: