Ինչպես հաղորդվել էր օրեր առաջ, այսօր` ապրիլի 7-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման Օղլին: Նա Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ որևէ բողոք չունի եւ ցանկանում է վերադառնալ հայրենիք: Հիշեցնենք, որ Ռահման Օղլին հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածը հատել է դեռեւս 2008-ի հոկտեմբերին:

Նշենք նաեւ, որ ապրիլի 3-ին Ադրբեջանին են հանձնվել նաեւ երկու դիակներ: Բացի այդ, ներկայումս հայկական կողմում են գտնվում մեկ զինվորական և մեկ քաղաքացիական անձ, իսկ ադրբեջանական կողմում` 6 հայ զինծառայող և մեկ ընտանիք: Ընտանիքի անդամները հայ-ադրբեջանական սահմանը Երասխավան-Սադարակ հատվածում հատել են 2010-ի հունվարի 10-ին:

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը նշել է, որ իրենք Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվել են հայ գերիների վերադարձման հարցը՝ չկոնկրետացնելով, թե երբ է նախատեսվում դա: