Հայաստանի ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հուլիսի 31-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը: Նա ծնվել է 1937թվականին, Լիբանանի Բեյրութ քաղաքում:
Նախարարության մամուլի եւ լրատվության վարչությունը ներկայացնում է Ջիվան Թաբիբյանը կենսագրությունը: Թաբիբյանը 1959 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը` «քաղաքագիտություն» մասնագիտությամբ, ապա Փրինսթոնի համալսարանը: Նա ավարտել է նաեւ Սորբոնի համալսարանը` «քաղաքական սոցիոլոգիա» մասնագիտությամբ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիվանագիտական հետազոտությունների կենտրոնը (Փարիզ):
1962-1971թթ. քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ է դասավանդել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի եւ Կալիֆորնիայի համալսարաններում, նաեւ քաղաքաշինություն է դասավանդել ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի ճարտարապետական դպրոցում:
1971-1996թթ. կատարել է խորհրդատվական եւ հասարակական ծրագրավորման աշխատանքներ Մեքսիկայում, Վենեսուելայում, Գվատեմալայում, Իրանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Հորդանանում, Քուվեյթում եւ Ճապոնիայում:
1998-2008թթ. եղել է ԵԱՀԿ-ում, նաեւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ:
1999թ. Ջիվան Թաբիբյանին շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
2000-2006թթ. աշխատել է Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում եւ
Սլովակիայում Հայաստանի դեսպան:



















