Ղարաբաղի հարցում անբարենպաստ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը բանակցություններում ԼՂ դերի բարձրացումն է, իսկ այդ նախաձեռնությունը պետք է լինի Ղարաբաղից: Այսօր` ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀԱԿ-ի անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի այն տեսակետին, թե մինչև Սերժ Սարգսյանի Վաշինգտոն մեկնելը Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է ստորագրել մադրիդյան սկզբունքները, նա ասել է. «Միջազգային հանրությունը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն լուծումն ունեն, իմ կարծիքով: Նրանք վստահ համոզված են, թե ինչպես պետք է լուծվի այդ հարցը, և այստեղ Հայաստանը կստորագրի՞ ինչ-որ մի փաստաթուղթ, թե ոչ՝ էական չէ. դա ուղղակի ձգում է այն պահը, երբ որևէ մեկը կասի՝ ահա՛, տեսա՞ք՝ ինչ եղավ»։

Հ. Իգիթյանի ներկայացմամբ, թեեւ ԼՂ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերն աննպաստ են, սակայն գործընթացից դուրս գալն ավելի անբարենպաստ կլինի, որովհետև այդ դեպքում Հայաստանին ուղղակի կպատժեն, որը նույնպես կապ կունենա ԼՂ խնդրի լուծման հետ: Նրա համոզմամբ, գործընթացի անբարենպաստ վիճակը շտկելու, կամ նույնիսկ ժամանակ շահելու համար ավելի մեծ խելք, ավելի հմուտ դիվանագիտություն և, ամենակարևորը, ավելի մեծ լեգիտիմություն է անհրաժեշտ։ «Ես այստեղ իմ կյանքի նպատակը չեմ դրել Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելը։ Ճի՛շտ հասկացեք։ Իմ նպատակը Հայաստանում լեգիտիմ իշխանություն ունենալն էր և շարունակում եմ այդ ուղղությամբ աշխատել, ինչպես նաեւ իմ կուսակցությունը»,- նշել է Իգիթյանն ու հավելել, որ այսօր միայն նորմալ, լեգիտիմ, եվրոպական ստանդարտներով ընտրված ցանկացած անձ կարող է լուծել այդ խնդիրները եւ այստեղ անուններն էական չեն: