ՄԱԿ-ը պատրաստ է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ճգնաժամի հաղթահարման ծրագրի իրագործման գործում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ ու ղեկավար Կոնսուելո Վիդալն այսօր հայտարարել է, թե աջակցություն ցուցաբերելու համար նախ պետք է հասկանալ, թե «Հայաստանը հատկապես որ ուղղություններում եւ ոլորտներում աջակցության կարիք ունի»:
Ըստ Վիդալի՝ այս կապակցությամբ ՄԱԿ-ը աջակցում է Հայաստանին տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության մոնիտորինգի անցկացման գործում, որը թույլ է տալիս բացահայտել առավել խոցելի ոլորտները:
«Ճգնաժամի հետեւանքների մեղմման համար անհրաժեշտ է հստակ գնահատել տնտեսվարող սուբյեկտների վրա դրա ազդեցությունը, միաժամանակ ՄԱԿ-ի գործակալություններն իրենց հերթին պատրաստ կլինեն ոչ միայն աշխատել ամեն մեկն իր ուղղությամբ, այլեւ հանդես գալ որպես մեկ ամբողջություն՝ տարբեր նախաձեռնություններ իրագործելու համար», ասել է նա:
Վիդալը նաեւ ընդգծել է, որ այդ նպատակներով ՄԱԿ-ը եւ ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի հուլիսի 24-ին ստորագրել են Հայաստանի զարգացմանն աջակցելու 72 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 2010-2015 թթ. ծրագիրը:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը հիշեցրել է, որ նոր ծրագրի հիմնական ուղղությունները կլինեն Հայաստանի կայուն զարգացմանն աջակցելը, ինչին կուղղվի տրամադրվող միջոցների ընդհանուր թվի 33 տոկոսը, հիմնական սոցիալական հնարավորություններին հավասար հասանելիության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, բնապահպանության եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտի ծրագրերը:



















