Ադրբեջանցիներին դուր է եկել Հյուսիսային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը։ Նրանք որոշել են գործուն մասնակցութուն ունենալ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման գործում, և միաժամանակ անախորժություն պատճառել ռուսներին։


Մասնավորապես, վերջին ժամանակներս Ինգուշիայում հայտնաբերվել ու ոչնչացվել են միանգամից մի քանի ադրբեջանցի վարձկաններ։ Այսպես, օրինակ՝ ռուսական լրատվամիջոցները հունիսի 26-ին հաղորդել են, որ Ինգուշիայի Սունժենի շրջանի Մուժիչի բնակավայրի վրա հարձակվել են մի խումբ գրոհայիններ և փորձել են թալանել գյուղի մթերային խանութը։ Իրավապահների հետ սկսված փոխհրաձգության արդյունքում վարձկաններից մեկը սպանվել է։ Ռուսական կողմի կարծիքով, սպանվածը կարող է լինել ադրբեջանցի վարձկան։

Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներն ու Ադրբեջանը բավական հաճախ են հիշատակվում հյուսիսկովկասյան տարբեր միջադեպերում։ Մասնավորապես, հունիսի կեսերին ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություն էին տարածել գրոհայինների ոչնչացման մասին, որոնք Դոկու Ումարովի մերձավոր շրջապատից էին և ունեին ադրբեջանական անձնագրեր։ Ավելի շուտ տեղեկություն էր սպրդել, որ ադրբեջանական անձնագիր ունի նաև Դոկու Ումարովը։ 2009 թ. մայիսին Ինգուշիայի Սունժենի շրջանի Ներքին Ալղուն բնակավայրի մոտակայքում ոչնչացված ադրբեջանցի վարձկանը Դոկու Ումարովի անձնական թիկնապահն էր։

Միաժամանակ, Ադրբեջանի տարածքը հաճախ «վերքերի բուժման» տեղ է հանդիսանում Հյուսիսային Կովկասի գրոհայինների համար։ Հենց այստեղ են նրանք բուժվում և հենց այստեղից են՝ իրենց հետքերը կոծկելով՝ թաքնվում Թուրքիայի տարածքում։