Հայաստանի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը համատեղ ուժերով բացահայտել են Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու փաստը:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե փետրվարին Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության 3 աշխատակցից բաղկացած խումբը` վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հ.-ի ղեկավարությամբ, ձեռնարկություններից մեկում իրականացրել են ստուգումներ` մետաղական կոնստրուկցիաների արտադրության ընթացքում թույլ տված հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Ստուգման ընթացքում էական խախտումներ չարձանագրելու դիմաց Արման Հ.-ն ձեռնարկության տնօրենից մաս-մաս պահանջել եւ ստացել է ընդհանուր առմամբ 575 հազար դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար եւ 240. հազար դրամ կաշառք։ Մարտի 29-ին ՀՀ քր. օր.-ի 311 հոդ. 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: