Այսօր Վերաքննիչ դատարանը լսել եւ անփոփոխ է թողել ընդդիմության առաջնորդների «7-ի գործով» մեղադրվողների վերաքննիչ բողոքները: Խոսքը վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի, ինչպես նաեւ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի դատական գործերին:

Հիշեցնենք, որ այդ գործերով կայացված վճիռների համաձայն, Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը ստացել էին 5-ական, իսկ Սուրեն Սիրունյանը 4 տարի ազատազրկման դատավճիռ, սակայն համաներման կիրառմամբ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից: Սասուն Միքայելյանը ստանալով 8 տարի ազատազրկման դատավճիռ, այժմ գտնվում է բանտում, քանի որ նրա վրա համաներումը չի տարածվել:

Նշված գործիչների պաշտպանները տարբեր դատավորներից պահանջել են բեկանել ընդհանուր իրավասության դատարանների դատավճռերը եւ կայացնել արդարացման դատավճիռներ, սակայն Վերաքննիչ դատարանը բոլոր հինգ գործիչների մասով դատարանի վճիռները թողել է անփոփոխ:

Այսօր դատարանի դիմաց նույնպես բազմամարդ էր: Այստեղ էին հավաքվել ընդդիմության ակտիվիստները`նախկին քաղբանտարկյալների նկարները պարզած, եւ պահանջում արդարացնել նրանց, իսկ դատարանի շենքը պաշարված էր ոստիկաններով: