Հայաստանում վերջին երեք տարիներին միջազգային գիտական էլեկտրոնային տեղեկատվությունից օգտվողների աճ չի նկատվում, որովհետեւ դրանք վաճառվում են։ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում, գիտնակականների էլեկտրոնային գիտական հոդվածներից չօգտվելու պատճառների մասին խոսելիս, ասաց Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի գործադիր տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը։ «Գիտական հոդվածները վաճառվում են միջինը 30 դոլարով, սակայն Հայաստանի ազգային ակադեմիայի համակարգում աշխատող, 60-70 հազար դրամ վաստակող գիտնականը չի կարող իրեն թույլ տալ էլէկտրոնային հոդված գնել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սովորաբար լուրջ աշխատության համար անհրաժեշտ է օգտվել միջինը 150 աղբյուրներից, որոնց մեծ մասը վճարովի են։
Ըստ Ներսիսյանի՝ արտերկրում գիտական կազմակերպությունները բավականին մեծ գումարներ են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները մշտապես օգտվեն թարմացվող գիտական-տեղեկատվական աղբյուրներից, իսկ Հայաստանում հիմնականում գիտական կազմակերպությունները նման գումարներ չեն վճարում եւ, փաստորեն, աշխատում են գիտության բնագավառում` առանց ծանոթանալու աշխարհում տեղի ունեցող գիտական զարգացումներին։
Ներսիսյանի տեղեկացմամբ`այժմ Հայաստանում միջազգային էլեկտրոնային գիտական-տեղեկատվական աղբյուրներից եւ տվյալների շտեմարանից օգտվում են շուրջ 40 գիտական կառույցներ, որոնց թիվը վերջին տարիներին չի ավելացել:




























