ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցել ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման ընթացքին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ապրիլի 8-ին կայացած հանդիպմանը:

ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ոստիկանության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ այլ ոլորտներում լայնածավալ խորքային բարեփոխումները գտնվում են իրականացման փուլում:

Դեսպան Կապինոսը ԵԱՀԿ պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեփոխումների իրականացման ընթացքին` դրական գնահատելով Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ ձեւավորված համագործակցության ավանդույթը: