Ազատամարտիկ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդան Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործըթնացում զարգացումներն ի նպաստ Հայաստանի չեն սպասվում: «Մեր վիճակը շատ վատ է: Այս վիճակը մենք վաստակել ենք, քանի որ 11 տարի հանդուրժել ենք մեր երկրի նկատմամբ կատարվող հանցագործությունները: Հայ ժողովրդի նկատմամբ ծանրագույն հանցանքներ գործած չարիքի իշխանությունը իր աթոռը պահելու նպատակով այսօր պատրաստ է հանձնել ոչ միայն հազարավոր ազատամարտիկների կյանքի գնով ազատագրված տարածքները, այլեւ Ղարաբաղը»,- ազդարարեց ազատամարտիկն՝ իր խոսքերը փաստելով Սերժ Սարգսյանի նախկինում կատարած քայլերով. «Այդ նա չէ՞ր, որ ասաց, թե խաղաղությունը գին ունի, եւ այդ գինը տարածքներն են: Նա չէ՞ր, որ ասաց, որ մենք ոչ թե տարածքներ ենք ազատագրել, այլ կրակակետեր, նա չէ՞ր, որ ասաց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, երբ նրա ասածից օրեր անց Աղդամի տարածքում բացահայտեցին Տիգրանակերտ քաղաքը: Նա չէ՞ր, որ Գյուլի հետ համաձայնեց պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ վաճառքի հանելով 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Նա չէ՞ր, որ Մոսկվայում հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նա իր դավաճանական խոսքերով փորձում է կոտրել մեր մարտական ոգին»:
Վարդան Մալխասյանը նշեց, որ «իշխանությունը մարդկանց գիտակցության մեջ սերմանում է Լեռնային Ղարաբաղը հանձնելու անհրաժեշտությունը»: «Մենք պետք է ազգովի ոտքի կանգնենք, ընդվզենք, բողոքենք աշխարհին, որ իշխանությունը մազաչափ կապ չունի մեր ժողովրդի հետ»,- բարձրաձայնեց ազատամարտիկը:



















