Թեեւ միջազգային հարցման տվյալներով Հայաստանը դժբախտության առումով վերջից երկրորդն է, բայց այդքան էլ դժբախտ չենք: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ հայերը պարզապես չեն սիրում ավելի երջանիկ ու հարուստ երեւալ: «Լաց են լինում: Հարցնում ես. «Գործերը ոնց են», ասում են. «Դե ոչինչ, յոլա ենք գնում»: Ամերիկացուն հակառակը, երբ հարցնում ես. «Ոնց ես», ասում է. «OK, լավ եմ»: Ասում է. «Պրոբլեմ ունեմ կլուծեմ»: Հարցնում ես. «Քեզ օգնե՞մ», ասում է. «Չէ, լավ է, եթե չկարողանամ՝ կդիմեմ»: Նա չի ցանկանում ոչ երջանիկ, ոչ աղքատ երեւալ: Այնտեղ ընտանիք են ման գալիս, որ պետությունը օժանդակություն ցույց տա, քանի որ ամոթ է աջակցություն ստանալ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Հարցին, թե ինչի՞ց է, որ հայերը սիրում են «լացել», նա պատասխանեց. «Կա, որ վախենում են, որ իրենց աչքով չտան, չնախանձեն, հետո չիմանան, որ տունը բան կա գան գողանան: Դա պաշտպանողական հոգեբանության արդյունք է: Այսինքն` մենթալիտետից է գալիս ու չեն ուզում երեւալ հարուստ ու լավ եւ ցածր են գնահատում իրենց ստատուսը: Այնպես, որ այդ տվյալներին մի հավատացեք: Այդքան էլ դժբախտ չենք»,- նկատեց սոցիոլոգը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























