Այս կամ այն տնտեսական կառույցում ընդգրկվելը ոչ մի կերպ չի սահմանափակում պաշտպանության ոլորտում Հայաստանի հնարավորությունները: Այս մասին դեկտեմբերի 19-ին ՊՆ-ում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Էվելին Ֆարքասի հետ խորհրդակցությունից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է  պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդման համար ոչ մի խոչընդոտ չկա: «Այս մասին բազմիցս նշել է ինչպես ՀՀ նախագահը, այնպես էլ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Այս կամ այն տնտեսական ձեւաչափում Հայաստանի մասնակցությունը չի կարող անվտանգության եւ ռազմական համագործակցության ոլորտում փոփոխությունների հանգեցնել: Ընդհակառակը, ԱՄՆ-ի հետ մեր համագործակցությունը զարգանում է եւ ապագայում էլ ավելի կխորանա», - ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ս/թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարել էր երկրի՝ Մաքսային միություն մտնելու մտադրության մասին: