«Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ-ի 2013թ. 6,3 միլիարդ դրամի (16 միլիոն դոլար) ներդրումային ծրագիրը ամբողջությամբ իրացվել է: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:  Ըստ նրա` 2014 թ. նախատեսված են մոտավորապես նույն ծավալի ներդրումներ: 

Ընկերության կողմից իրագործված խոշոր նախագծերից Ռեբեցը նշել է Լոռու մարզում Թումանյան կայարանի վերակառուցումը, ինչպես նաեւ Գյումրիում երկաթուղային  հանգույցի վերանորոգումը:

Հիմնովին վերակառուցվել է նաեւ Գյումրիի վագոնային դեպոն, որն այսօր կարելի է անվանել Հայաստանում ամենաժամանակակից մեքենաշինական ձեռնարկությունը, հավելել է գլխավոր տնօրենը: «Ամոթ չէ ոչ անձամբ գալը, ոչ էլ հյուրեր հրավիրելը: Ընդ որում, եթե նախկինում մենք որպես կապալառուներ եւ մատակարարներ  ներգրավում էինք այլ ձեռնարկություններին, այդ թվում նաեւ Թբիլիսիի վագոնավերանորոգման գործարանը, ապա այժմ ամբողջ աշխատանքն ինքնուրույն ենք իրականացրել», - հավելել է Ռեբեցը:

ՀԿԵ-ն (ՌԵ-ի դուստր ընկերությունը)  Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներն է 2008թ.-ից` 30 տարի ժամկետով, 10 տարի երկարաձգելու իրավունքով: