Երեւան քաղաքի դպրոցներում տարվում է կադրային անվերահսկելի  քաղաքականություն, որի համար պատասխանատվություն  է կրում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականությունը, որովհետեւ Երեւանի քաղաքապետը օրենքով է պատասխանատու Երեւանում կրթության կառավարումն օրենքներով եւ ՀՀ կառավարության որոշումներով իրականացնելու, հատկապես տնօրենների ընտրության օրինական գործընթացի համար: Ասածիս հիմքում դրված են հետեւյալ փաստարկները. սույն թվականի նոյեմբերի 1-ին նամակով դիմեցի Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ իր օրոք աշխատանքից ազատված տնօրենների մասին: Պատասխան նամակով ինձ տրվել է մի ցուցակ, ըստ որի՝ 2011 թվականից այս կողմ Երեւանի ենթակայության դպրոցների 41 տնօրեններ ազատվել են աշխատանքից, որոնցից 27-ը թոշակի տարիքի պատճառով,  մեկը՝ դպրոցի լուծարման, մեկը՝ վերակազմակերպման, 9-ը՝ անձնական դիմումի համաձայն,  4-ը՝ գործատուի նախաձեռնությամբ: Ոչ մի ազգանուն չեմ նշում:

Ինձ տրամադրված ցուցակում արձանագրեցի տարօրինակ փաստեր, որոնք պետք է հայտնի դառնան հասարակությանը: Հիշո՞ւմ եք 2012 թվականի նոյեմբերի 28-ին «Հայելի» կայքէջում հրապարակված «Կեղծ դիպլոմով դպրոցի խաբեբա տնօրինուհին դատապարտվեց» լուրը: Պարզվում է, որ այդ բավականին երիտասարդ կինը, ով դպրոցում «թագավորեց» ընդամենը երկու շաբաթ՝ 10.01.2012-27.01.2012թ.թ., ազատել են «ՊՈԱԿ-ի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետի համաձայն, որն ասում է. «Լրացել է նրա 65 տարին»: Մեկնաբանություն, իհարկե, կարելի է անել, սակայն այն շատ հեռու կտանի, հետեւություններ թող անեն այն մարդիկ, ովքեր այս խայտառակությունը նախաձեռնել, իրականացրել ու պարտակել են:

Հաջորդը. 2011 թվականի նոյեմբերի 22-ին աշխատանքից ազատվել է «Երեւանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Նարինե Մատինյանը՝ թոշակի անցնելու պատճառով,  իսկ 2011թ. նոյեմբերի 29-ին նույն անձը, այսինքն՝ 7 օր անց, նույն հիմքով ազատվել է «Երեւանի հ.140 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի պաշտոնից: Տատիկս կասեր՝ «Բան մը կհասկնամ նե՝ արաբ ըլլամ»:

Հաջորդը.  2012 թվականի հուլիսի 7-ին «Երեւանի Ա.Մռավյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի լուծարման պատճառով դպրոցի տնօրենն անձնական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: 35-րդ տողում նույն, փաստորեն արդեն լուծարված՝ «Երեւանի Ա.Մռավյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է, ոչ ԺՊ-ն, ազատվել իր դիմումի համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 7-ին, այսինքն՝ ուղիղ չորս ամիս կառավարել է լուծարված դպրո՞ցը եւ ստացել աշխատավա՞րձ: Հետո ասում են՝ գանձարանում կրթության համար փող չկա՞:

Հաջորդը. 2012 թ. հունվարի 12-ին  թոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվել է «Երեւանի հ.81 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, թե երբ է կայացել մրցույթը եւ  տնօրենի ընտրությունը, հայտնի չէ, սակայն նոր տնօրենը, ոչ ԺՊ-ն,  2012թ. փետրվարի 6-ին, այսինքն՝ մեկ ամսից էլ պակաս ժամկետում, անձնական դիմումի համաձայն՝ ազատվել է  աշխատանքից: Այս դպրոցի ոդիսականը շարունակվում է, որովհետեւ 2012 թ. հուլիսի 9-ին անձնական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվում է «Երեւանի հ.81 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն: Կարծես աճուրդի մասին ես կարդում:

Հաջորդ հետաքրքիր փաստը. 2012թ. հոկտեմբերի 23-ին գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել է «Երեւանի Վ. Համբարձումյանի անվան հ.17 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իսկ 2012թ. դեկտեմբերի 24-ին՝ անձնական դիմումի համաձայն՝ արդեն նոր տնօրենը, այսինքն՝ ուղիղ երկու ամիս հետո: Հարցն ինքն իրեն է հայտնվում. ե՞րբ հասցրեցին մրցույթ հայտարարել, տնօրեն ընտրել ու նա հրաժարվեց աշխատելուց՝ չափսոսալով նույնիսկ իր հավաստագրման վրա ծախսած գումարը:

Ինչ-որ խիստ կասկածելի են այս փաստերը, որոնցից  հետեւում է, որ Երեւանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին, կոռուպցիան ակնհայտ է, իսկ հասարակությունը եւ դպրոցների արտաքին գնահատման արդյունքները խոսում են կրթության որակի անընդհատ անկման մասին: Պատասխան պետք է տան ՀՀ ԿԳ նախարարն ու Երեւանի քաղաքապետը: Սպասում ենք...

Հ.Գ. Երեւանի թ.27 դպրոցի նախկին տնօրենն այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ խոշոր չափի հասնող յուրացումների համար, իսկ թ.70 դպրոցի տնօրենն էլ այդ ճանապարհին է, ում անօրեն վարքագծի պատճառով չի բացառվում, որ  ուսուցիչները շուտով զրկվեն աշխատավարձից:

Ես՝  որպես Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ, բարձրացնում եմ այս հարցերն ու սպասում մեր երեխաների կրթության իրավունքը պաշտպանող Քաղաքապետի համապատասխան արմատական քայլերին, մասնավորապես՝  ազատել Համո Սահյանի անվան դպրոցի գործող տնօրենին, հակառակ դեպքում հասարակությունն ականետեսը կլինի տնօրենի նկատմամբ հարուցվող հերթական քրեական գործի»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am