Խորհրդարանը դեկտեմբերի 20-ին արտահերթ կարգով կքննարկի Ռուսաստանի հետ գազի եւ ալմաստի վերաբերյալ համաձայնագրերը: Այս մասին դեկտեմբերի 19-ին ՀՀ խորհրդարանի նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդարանը կքննարկի Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական համաձայնագրերը:
«Գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության մասին», «ՌԴ-ից ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի մասին» եւ ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին»:
Այսօր Սահմանադրական դատարանն արդեն հավանություն է տվել համաձայնագրերին: Ենթադրվում է, որ արտահերթ նիստում խորհրդարանը պատրաստվում է վավերացնել դրանք:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրերի՝ Հայաստանն ազատվելու է նավթի, գազի եւ չմշակված բնական ալմաստների նկատմամբ կիրառվող Ռուսաստանի արտահանման հարկերից` ամենամյա համաձայնեցվող քվոտաների սահմաններում: Հայաստանի համար բնական գազի արժեքը ձեւավորվելու է այն նույն սկզբունքներով, ինչ ներռուսաստանյանը` գումարած տեղափոխման եւ Վրաստանով տարանցման ծախսերը: Ինչ վերաբերում է երրորդ համաձայնագրին, ապա «ՀայՌուսգազարդ»-ի արժեթղթերի` 155 միլիոն դոլար գնահատված 20%-անոց փաթեթը պետք է փակի 300 միլիոն դոլար պարտքի կեսը:




























