«Սա այդ ազգի մեծ հոր „իմաստուն“ ղեկավարության օրոք Ադրբեջանի „փայլուն“ ձեռքբերումների վերաբերյալ ցանկալի մտածողության եւ նախնադարյան երեւակայության հիանալի օրինակ է», հայտարարել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արման Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությունները։

Ադրբեջանի դեսպանը վերջերս տված հարցազրույցում անդրադարձել էր Եվրոպայի Խորհրդում եւ մասնավորապես, ԵԽԽՎ-ում Հայաստանի դիրքերին։ Նա նաեւ ներկայացրել էր բազմաթիվ հայ խորհրդարանականների եւ դիվանագետների հետ իբ թե ունեցած կապերի վերաբերյալ իր տպավորությունները, ասելով, թե նրանք, «գիտակցում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը»։

«Իրականում, այս միջակ, ինքնավստահ եւ անիրազեկ հարցազրույցը, իմ կարծիքով, արժանի չէր պատասխանի», ավելացրել է Հովհաննիսյանը։

«Իսկ ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությանը, կարծում եմ, որ Ադրբեջանի դեսպանն անգամ իր ամենաանհավանական երազանքներում չէր կարող Ադրբեջանի առնչությամբ ժողովրդավարական բազմազանության, կարծիքների բազմաքանակության եւ ներքին քաղաքական բանավեճերի իրավիճակ պատկերացնել։ Սա շատ ցավալի է», եզրափակել է հայ դիվանագետը։