Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը առողջականի հետ կապված գանգատներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ այժմ Արթուր Անդրեասյանը հետազոտվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անհրաժեշտության դեպքում նրան կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 41-ամյա Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով:





























