Կանանց նկատմամբ որպես պատիժ պետք է ավելի շատ  խրախուսվի այլընտրանքային պատիժը: Այս մասին այսօր ` դեկտեմբերի  20-ին հրավիրված ասուլիսին  ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ խոսելով ազատազրկված կանանց իրավունքների մասին:

Նրա խոսքով, ազատազրկումը կանանց վրա ավելի ծանր հետեւանքեր է թողնում, քան տղամարդկանց: Կանանցից շատերը ավելի շատ հոգեկան խնդիրներ են ունենում: «Բացի այդ, երբ կանայք են ազատազրկվում, նրանց կապը  ընտանիքի հետ ավելի շուտ է խզվում: Սովորաբար ազատազրկված կանանց ավելի քիչ են այցելում հարազատները, քան տղամարկանաց: Կանայք գնում են ամուսիններին տեսակցելու, բայց տղամարդիկ չեն գնում կանանց տեսակցելու»,- նշեց Հայկուհի Հարությունյանը: 

Նրա խոսքով, «Աբովյան» քրեկատարողական հիմնարկում 2013 թվականի օգոստոսի տվյալներով ազատազրկման ձեւով պատիժը կրում է 204 կին, որոնցից 10-ից 8-ը մայր են: «Այսինքն` արդեն նրանց կապը երխաների հետ արդեն ավելի ակնհայտ է դառնում»,- ավելացրեց Հայկուհի Հարությունյանը եւ ավելացրեց, որ ազատազրկված կանանց հիմնական մասը դատապարտված է թրաֆիքինգի եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածով: Նա նշեց, որ «Աբովյան» քրակատարողական հիմնարկում առաջիկայում այցելություններ կլինեն՝ տեսնելու համար, թե որքանով են  կանայք պաշտպանված եւ փորձելու են հասնել նրան, որ օրենսդրորեն հասնեն այլընտրաքային պատիժների կիրառմանը: