Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի եւ UNICEF-ի միջեւ համագործակցության ներկայիս ընթացքը եւ շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին Ահրենսին՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող եւ առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման եւ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման շուրջ ծավալված համագործակցության առնչությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքներն այդ եւ նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ, որոնք կնպաստեն երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:

Իր հերթին տիկին Ահրենսը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում աշխատելը եւ հետագա գործունեությունը շարունակելը: