Պաշտոնական Երեւանը հայ-թուրքական գործընթացից դուրս գալու քաղաքական որոշումներ, ցավոք, չի կարող ընդունել: Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոնում կայանալիք հանդիպման փաստը:
«Անակնկալ ոչինչ չկա: Պաշտոնական Երեւանը հայ-թուրքական գործընթացից դուրս գալու քաղաքական որոշումներ, ցավոք, չի կարող ընդունել: Դա իր գործընթացը չէ, որքան էլ տարփողվի նախաձեռնողական քաղաքականության մասին, եւ դրանից դուրս գալը կարող է վատ հետեւանքներ ունենալ երկու կողմերի համար էր»,- նշել է Սաֆարյանը:
Վերջինիս կարծիքով, վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին հայկական դիվանագիտությունը իրեն ակնհայտորեն վատ է պահում: «Որովհետեւ Թուրքիան շահարկելու է հանդիպման փաստը, որպես երկխոսության շարունակման փաստ:
Թուրքիան շարունակում է ժամանակ շահել եւ աշխարհին ցույց տալ, որ պրոցեսը ընթացքի մեջ է, այն դեպքում երբ այն ուղղակի մահացած է»,- ամփոփել է Ստեփան Սաֆարյանը:




























