Nord Stream (Հյուսիսային հոսք) գազամուղի շինարարության մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունները տեղի կունենան ապրիլի 9-ին՝ Սանկտ Պետերբուրգից քիչ հեռու՝ Վիբորգում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Արարողությանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, ինչպես նաեւ BASF եւ Wintershall վարչությունների անդամներ դոկտորներ Հանս-Ուլրիխ Էնգելը եւ Ռայներ Զելեն։

1.2 հազար կմ երկարությամբ Nord Stream գազամուղը ռուսական գազը Եվրոպա արտահանող սկզբունքորեն նոր տարբերակ է։ Գազամուղը կանցնի Բալթիկ ծովի ընդերքով՝ Վիբորգից մինչեւ Գրայֆսվալդ (Գերմանիա)։

Բալթիկ ծովի ընդերքում խողովակների տեղադրումը սկսվել է ապրիլի 6-ից։

Շինարարության երկրորդ փուլի սկիզբը նախանշված է 2011 թվականին։ Այն կավարտվի 2012-ին։