Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործը փոխանցվել է այլ քննիչի: Այ մասին առայժմ որեւէ պաշտոնական հաղորդում չկա, սակայն Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, այն քննելու է նույն բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի, ում վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, ուղարկում են արձակուրդ: «Հասկանալի է, որ նման գործով քննիչը չէր գնա արձակուրդ, եթե օրենքը պաշտպանած լիներ: Դա խորհրդային ժամանակաշրջանից եկող ձեւ է, երբ տեսնում են, որ քննիչը խախտումներ է թույլ տալիս, փորձում են շտկել, արդարացնել իրենց, այսպես ասած՝ դադար են վերցնում եւ քննիչին ուղարկում են արձակուրդ: Պաշտոնապես դա հայտնում են, թե մարդուն ուղարկում են արձակուրդ, որ հանգստանա, մինչդեռ դա կիրառվում է այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը թույլ է տալիս բազմաթիվ խախտումներ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:





























