Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այսօր պատրաստվում է հայց ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ պետության՝ պահանջելով փոխհատուցում Վարդան Պետրոսյանին հասցված բարոյական վնասի համար: Ինչպես նաեւ, փաստաբանն այսօր բողոք կներկայացնի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կապված դերասանի ձերբակալման որոշման հետ, քանի որ դրա հիմքում դրված փաստերը իրականությանը չեն համապատասխանում:
Փաստաբանի փոխանցմամբ՝ պատրաստ է արդեն վթարի մոդելավորման 3D տարբերակը, սակայն այն կհրապարակեն նախաքննության ավարտից հետո, որպեսզի ունենան նախաքննական մարմնի արձանագրությունը եւ համեմատություն անցկացնեն: Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ տուժող Հակոբյանների հետ բանակցային փուլ չի սկսվել, նրանց տրամադրությունն այնպիսին է, որ այն չի սկսվել:
Ինչ վերաբերում է տուժողի կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի հնչեցրած մտքերին՝ վթարի վայրի, դերասանի ոչ սթափ լինելու մասին, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մարդու խմածությունը ստուգում են երեք եղանակով՝ մեզի, արյան եւ օդի միջոցով, առաջին երկու տարբերակի դեպքում հնարավոր չի եղել պարզել Վարդան Պետրոսյանի սթափ լինելը, քանի որ փորձագետները հայտնել են, որ ժամանակ է անցել, սակայն օդի միջոցով ստուգելու դեպքում պարզվել է, որ նա սթափ է եղել: Իսկ թե ինչ հոտ էր գալիս Վարդան Պետրոսյանի հագուստից, փաստաբանն ասաց, որ այդ հարցը դերասանը կպարզաբանի իր ցուցմունքներում, առայժմ այն չի կարող հրապարակայնացնել:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վթարը եղել է բանուկ մասում՝ այնտեղ, որտեղ թափվել է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղն ու անտրիֆրիզը:
«Երկու ավտոմեքենաները վթարից հետո անցնում են որոշ տարածություն, իսկ վթարի տեղը գտնվել է բանուկ մասի վրա, ԲՆՎ ավտոմեքենայի կանգնած տեղից դեպի Եղվարդ քաղաքի ուղղությամբ բանուկ մասի վրա, որտեղ թափվել է վթարի արդյունքում ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի անտիֆրիզը, յուղը եւ Նիվա մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին»,-ասաց փաստաբանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչի նախկինում տուժող կողմը չէր հայտարարում, որ վթարը եղել է հողածածկի վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:





























