Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փորձել է բացատրել, թե ինչ հիմքով են Ադրբեջանին փոխանցվել Գորիս-Կապան ճանապարհի հատվածները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազինյանը պաշտոնյային մի շարք հարցեր է ուղղել՝ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի նրա կարգավիճակի առնչությամբ։

Մասնավորապես, Ղազինյանը հիշեցրել է, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների հատվածները հանձնվել են մինչև հանձնաժողովի ստեղծումը, և հարցրել, թե ինչ հիմքով է դա տեղի ունեցել։ Բացի դրանից, հանձնաժողովների կանոնակարգի ստորագրման և վավերացման միջև ընկած ժամանակահատվածում Տավուշում տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները։ Որքանո՞վ է օրինական հանձնաժողովի գործունեությունը։

Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հանձնաժողովի կանոնակարգը և օրենսդրության տրամաբանությունը ենթադրում են վերջնական որոշումներն ամրագրել երկկողմ համաձայնագրում, որը օրենքի ուժ կստանա և պարտադիր կլինի երկու երկրների համար։

Փոխվարչապետն ընդգծել է, որ պատգամավորի նշած 12,7 կմ երկարությամբ հատվածը փոխանցվել է ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներին համապատասխան, այսինքն՝ կատարվել է սահմանի տեղագրական վերականգնում։ «Մեկ քարտեզի հիման վրա, որը պարտադիր էր երկու հանրապետությունների համար։ Քարտեզը կազմվել, ստեղծվել է ԽՍՀՄ օրենսդրության համաձայն և պարտադիր էր երկու հանրապետությունների համար»,- հայտնել է Գրիգորյանը՝ հավելելով, որ բազմաթիվ խնդիրներ կային, և որոշվել է ստեղծել հանձնաժողովներ ու աշխատանքներն իրականացնել առավել ինստիտուցիոնալ ձևով՝ դրանց կանոնակարգի հիման վրա։

Ընդսմին, Գրիգորյանի որոշ պատասխաններ դեռ պարզաբանման կարիք ունեն։ Փոխվարչապետի խոսքերից ստացվում է, որ եթե կողմերը շարունակեն սահմանազատման գործընթացը, տեղում գործընթացները կընթանան, սակայն փաստաթղթային ձևակերպում կստանան միայն գործընթացի ավարտից հետո։

Գրիգորյանի ասելով՝ ըստ կանոնակարգի՝ սահմանազատման արձանագրությունները կստորագրվեն վերջում, երբ բոլոր հատվածներում սահմանազատումն ավարտված լինի, քարտեզի վրա սխեմատիկորեն նկարագրվի գիծը, և ամեն ինչ ներառվի փաստաթղթում, որից հետո այն կստորագրվի, ու կսկսվի հաստատման ներպետական գործընթացը։ Համաձայնագիրը կլինի մեկ ամբողջական փաստաթուղթ՝ ամբողջ գործընթացի արդյունքներով, կրկնել է Գրիգորյանը։

Այսպիսով, ստացվում է, որ տեղում ստանալով ցանկալին՝ Ադրբեջանն ի վերջո կարող է հրաժարվել փաստաթուղթը ստորագրելուց։