Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում երաշխավորների առկայության անհրաժեշտության մասին ընդդիմադիրների խոսույթը չի ենթադրում հրաժարում Հայաստանի ինքնիշխանությունից, երբ մեր երկրի անվտանգային, տնտեսական պատասխանատվությունը դրվում է երրորդ երկրի վրա:
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով։ Ճշգրիտ, այնտեղ, որտեղ եղել է երաշխավոր, վերջը եղել է աղետ։ Այսինքն այդ երաշխավորի խոսույթը տանելը գիտե՞ք ինչի մասին է, դա չիմացության հետևանք է, պատմության չիմացության հետևանք է, ընթացիկ իրողությունների չիմացության հետևանք է։ Ես այդ օրինակը էլի եմ բերել, Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, գիտեք, թե ով է»,–ասաց նա։





























