Դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն միջնորդություն եւ ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ուղարկվել Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: Այդ մասին հայտնումէ  Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հիշեցնենք, որ Հայկ Մովսիսյանը 2011 թ. հուլիսի 22-ին տեղափոխվել էր ՀՀ «Սովետաշենի» ՔԿՀ, իսկ սեպտեմբերի 10-ին` ԼՂՀ «Շուշի» ՔԿՀ: Նույն թվականի նոյեմբերի 29-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել անդամախեղելու եղանակով ծառայությունից խուսափելու հոդվածով: 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից 7 օր անց Հայկ Մովսիսյանին ԼՂՀ քննչական մեկուսարանում գտել էին մահացած:

Այժմ Հ. Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը պայքարում է, որդու մահվան մեղավորներին գտնելու համար: Սակայն Հեղինե Պետրոսյանին դատարանը չի ճանաչում տուժողի իրավահաջորդ եւ Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում: Հ. Պետրոսյանը իր ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի եւ Արայիկ Զալյանի օգնությամբ արդեն բազմիցս դիմումներ եւ միջնորդություններ է ուղարկել ՀՀ տարբեր դատական ատյաններ` իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով, սակայն, դիմումները կամ մերժվել են, կամ ուղարկվել այլ ատյաններ, որտեղից նույնպես մերժումներ են ստացվել:

Այժմ Հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանին է ուղարկվել միջնորդություն նույն խնդրանքով, միաժամանակ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկվել դիմում` խնդրանքով պարտավորեցնել ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանին Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ նրա մորը` Հեղինե Պետրոսյանին՝ տուժողի իրավահաջորդ: