Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց ղարաբաղյան հիմնախնդրի հարցով պարզաբանումներ է պահանջում: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Հայաստանի մասով «ճանապարհային քարտեզն» ընդհանուր առմամբ համաձայնեցված է, կարծում եմ, հնարավոր է այն ընդունել, ասել է նա: «Միաժամանակ հարց է ծագում Մաքսային միության սահմանի հետ կապված, որտեղով է այն անցնելու՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը, այս հարցը բաց է մնում: Հետեւաբար մենք գործընկերների հետ «ճանապարհային քարտեզներ» կստորագրենք, բայց հատուկ կարծիքով, որը կզեկուցվի», - Նազարբաեւի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Նազարբաեւը նաեւ հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն այս հարցի լուծումը:





























