ՀՅԴ-ի՝ կոալիցիան լքելուց հետո հունիսի 25-ին առաջին անգամ դաշնակցականները սերտորեն շփվեցին կարմիրբերետավորների եւ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հետ, իսկ ՀՅԴ պատասխանտուներից Կիրո Մանոյանը նաեւ բռնության ենթարկվեց ոստիկանենրի կողմից, երբ մի խումբ երիտասարդներ եւ ջավախահայեր բողոքի ակցիա էին իրականացնում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ: «Կարծես կար քաղաքական որոշում, որ Սահակաշվիլին չհանդիպի ցուցարարների, եւ ոստիկանության ամբողջ նպատակն այն էր, որ հրապարակը դատարկ լինի ցուցարարներից, որ Սահակաշվիլին չտեսնի: Ինչո՞ւ պիտի Սահակաշվիլիուն զրկեին իրականությունը տեսնելու հնարավորությունից»,- Մամուլի ազգային ակումբում այսօր հռետորական հարց հղեց Մանոյանը:
NEWS.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները, Մանոյանը խուսափողական պատասխան տվեց. «Կարծում եմ, անհրաժեշտից ավելի խիստ էր, մեղմ ասած, իրենց մոտեցումը: Կարծում եմ անհրաժեշտություն չկար անպայման ամբողջ հրապարակը դատարկել ցուցարարներից: Առաջարկեցինք, որ թույլ տան առնվազն հավաքվել Ազգային պատկերասրահի առաջ, որը բավական հեռու էր „Մարիոտ Արմենիայից“, եւ ուրեմն անվտանգության խնդիր չէր լինի, բայց դա էլ թույլ չտվեցին: Այսինքն իրենց հիմնական նպատակն էր, իրենց ասվել էր, որ Սահակաշվիլին պետք չէ իմանա, որ այս մարդիկ այստեղ են: Սա էր: Բայց կարելի էր ավելի նորմալ վերաբերվել ժողովրդի հետ, մանավանդ որ որեւէ սպառնալիք չկար ոչ անվտանգության, ոչ ընդհանրապես հասարակական կարգի խախտման իմաստով»: Իսկ իր նկատմամբ բռնության փաստի վերաբերյալ հարցին էլ պաստասխանեց արդեն հերոսաբար. «Բռնություն ես չէի ասի, այդքան մեծ բռնություն: Որովհետեւ եթե ծեծեին, ի՞նչ պետք է ասեի: Բայց, եթե պատկերավոր ասենք, ավելի շուտ հունահռոմեական ըմբշամարտի նման էր»: Ի դեպ, երեկ հայկական մի շարք հեռուստաընկերություններ ցուցադրել են Կիրո Մանոյանի եւ ոստիկանների սերտ շփման կադրերը, որոնք նույնիսկ մեծ երեւակայության դեպքում հնարավոր չէ ըմբշամարտ անվանել, առավելագույնը՝ ֆուտբոլ:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ նաեւ խոսեց ֆուտբոլից, ավելի ճիշտ հայ-թուրքական հարաբերությունների ֆուտբոլային բնույթից: Մանոյաը նշեց, թե չի կարծում, որ Թուրքիան վերցրել է ֆուտբոլային դիվանագիտությունում թայմ-աուտ: «Թուրքիան կարծես թե „պենալտի“ է խփում Հայաստանի դարպասին: Որովհետեւ մենք, կարծես թե, թայմ-աուտ ենք վերցրել, խաղից դուրս գալով, առանց հայտարարելու, որ խաղից դուրս ենք եկել: Որովհետեւ մնացել է Թուրքիայի որոշումին, որ երբ իրական բանակցությունների գործընթացը կշարունակվի: Թուրքիան շարունակում է անընդհատ խոսել նախապայմաններով, եւ մենք չենք ուզում տեսնել, որ այդպիսի նախապայմաններով է խոսում եւ ուրեմն չենք հայտարարում, որ նման նախապայմանների պայմաններում մենք բանակցություններից դուրս ենք գալիս»,- մի շնչով այս երկար նախադասությունն արտասանեց Մանոյանը:



















