2013-ին Ադրբեջանում խոշտանգումներից 5 մարդ է մահացել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Էլչին Բեհբութովը հայտարարել է, որ 2013-ին իրենք խոշտանգումների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ 115 բողոք են ստացել: 6 բողոք ստացել են կանանց հանդեպ բռնության դեպքերով:

Միաժամանակ գրանցվել է մահվան 5 դեպք: Բոլոր այդ դեպքերը տեղի են ունեցել Ադրբեջանի բանակում: Բեհբութովը թվարկել է զոհված զինվորների անունները, որոնց մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր՝ Էլվին Նիֆթիզադե, Ջեյհուն Գուբադով, Սեյմուր Ալլահվերդիեւ, Թելման Ալիեւ եւ Օրհան Միրզազադե:

Իրավապաշտպանը հայտնել է, որ 2012-ին գրանցվել է խոշտանգումների 141 դեպք, որից 9-ը՝ մահվան ելքով:

Բեհբուդովի խոսքով՝ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ բողոքները հիմնականում վերաբերում են զորամասերում, ոստիկանության բաժիններում, Տրանսպորտի նախարարության եւ SOCAR-ի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կատարված դեպքերին: