Վթարի ենթարկված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նրա խոսքով՝ Շուշան Պետրոսյանի վիճակը կայուն է, սակայն մնալու է վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի նրան մեկուսացնեն բազմաթիվ երկրպագուներից ու լրատվամիջոցներից:
«Շուշան Պետրոսյանի վիճակը կայուն է, իսկ իմն արդեն կայուն չէ»,- կատակով նշեց Անատոլի Գնունին՝ նկատի ունենալով այցելուների թիվը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը տեղն է, Վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ, ուղղակի նման դեպքերում պահում ենք Վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հսկողության տակ լինի»,- նշել էր Անատոլի Գնունին:
Նա նաեւ տեղեկացրել էր, որ վթարի հետեւանքով իրենց մոտ, բացի Շուշան Պետրոսյանից, տեղափոխվել է եւս երկու հոգի, որոնք հրաժարվել են հոպիտալացումից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:





























