Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան առ այսօր չի հանդիպել  կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող ԿԳՆ պատշգամբից ցած նետված Բնապահպանության նախարարության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի հորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը:Նրա խոսքով՝ բնապահպանության նախարարն իրենց ազգականը չէ, պարզապես Հայկը նրա մոտ է աշխատել:

«Որ դիմեմ, ի՞նչն է փոխվելու, ենթադրենք դիմեցի, բողոքեցի ինչն է փոխվելու: Իմաստ չկա»,-ասաց նա:Հայկի հայրը հիասթափված է, քանի որ թեեւ նրան  տեղեկացրել էին, որ գործը 80 տոկոսով բացահայտված է եւ խոստացել, որ գործի քննությունը  դեկտեմբերին կավարտվի, բայց դեռ ոչ մի առաջընթաց չկա: Մինչեւ այդ NEWS.am-ի միջոցով Հայկի հայրը դիմել էր իրավապահներին եւ պահանջել, որ իրեն տեղեկացնեն որդու գործով կատարվող քննության ընթացքի մասին: 

Հիշեցնենք, որ  22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը նշել էր, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել, անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանա, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշել էր Հայկի հայրը եւ ավելացրել, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել: Հիշեցնենք, Հայկը  Հայրապետյանը Բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր: Գործընկերները նրան բնութագրում են որպես պարտաճանաչ աշխատակից: