Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ազատ արձակվելուց հետո գտնվում է իրենց տանը եւ հանգստանալու չի մեկնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը: Նա պատմեց, որ Հովհաննես Թամամյանի ազատ արձակվելուց հետո հանդիպել է նրան:

«Տրամադրությունը շատ լավ էր, առողջականը՝ եւս: Նա հիմա հանգստանում է իր տանը: Միանշանակ կարող եմ ասել, որ Ծաղկաձորում չէ»,- ասաց Մարգար Օհանյանը՝ հավելելով, սակայն, որ տեղյակ չէ՝ Հովհաննես Թամամյանի առաջիկա անելիքների մասին:

Նշենք, որ Թամամյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել, ում պատժաչափի լրանալուն մնացել էր 10 ամիս: Հիշեցնենք, որ համաներման արդյունքում Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի պատժաչափը կրճատվել էր 4 ամսով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 2011-ի սկզբին 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Նշենք նաեւ, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը: