52-ամյա Աշոտ Ա.-ն մեղադրվում է քրոջը թեյնիկով ծեծելու մեջ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 52-ամյա Աշոտ Ա.-ն, Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, էլեկտրական թեյնիկով 3-4 անգամ հարվածել է քրոջ` Սեդա Ա.-ի ձախ ուսին եւ վերջինիս դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառել:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























