27-ամյա Գագիկ Մ.-ն, որը «Հրազդանի ԲԿ»-ի ծննդատան մոտ, հարբած վիճակում դանակահարել էր ներկաներին, որոնցից մեկի կյանքին ծանր վնաս էր պատճառել, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Քննելով գործը, դատարանը վճռել է կիրառել ՀՀ Ազգային Ժողովի «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013թ. հոկտեմբերի 03-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը, եւ Գագիկ Մ.-ի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Իսկ Գագիկ Մ.-ի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը` 500 հազար  ՀՀ դրամի չափով, վերադարձվել է գրավատուին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա  Գագիկ Մ.-ն, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատան եւ ինֆեկցիոն բաժանմունքների դիմաց մարդ է դանակահարել: Վերջինս իր եւ Վալեր Մ.-ի նորածին երեխաների վերաբերյալ առաջացած խոսակցության, ապա վերաճած վիճաբանության ժամանակ, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, իր մեքենայի շարժիչի ծածկոցի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ դրանով հարվածներ հասցրել ներկաներին:

Արդյունքում նա Գարիկ Մ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112  հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: