Պարզվում է Ադրբեջանը նաեւ այբուբենի օր ունի, եւ դա այսօր է, երբ այդ երկրում նշվում է «ադրբեջանական այբուբենի» օրը: Լատինական այբուբենը, որն այսօր օգտագործվում է երկրում, առաջին անգամ ընդունվել է 1918 թվականին՝ անկախ Մուսավաթական Ադրբեջանի գոյության ժամանակ:

Հետագայում խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանում այբուբենը մի քանի անգամ փոփոխվել է: Լատինական այբուբենին Ադրբեջանը վերադարձել է խորհրդային կարգերի վերացումից հետո, թեեւ դրանից հետո եւս որոշ ժամանակ կիրիլիցան շարունակվել է կիրառվել մամուլում:

Եվ միայն 2001 թվականի հուլիսի 18-ին նախագահ Հեյդար Ալիեւը հրամանագիր է ստորագրել նույն թվականի օգոսոտոսի մեկից ամբողջությամբ լատինական այբուբենի անցնելու վերաբերյալ: Մեկ այլ հրամանագրով օգոստոսի 1-ը հայտարարվել է «Ադրբեջանական այբուբենի օր»:

Մնում է միայն պարզել, թե ըստ Իլհամ Ալիեւի, որը հայտարարում է, թե ժամանակին Ալեքսանդր Մակեդոնացին «չի համարձակվել» մտնել հզոր Ադրբեջան, ի՞նչ այբուբեն են օգտագործել ադրբեջանցիները Մակեդոնացու ժամանակներից մինչեւ 1918 թվականը: