Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված Հրաչ Մուրադյանի հարազատները ճիշտ եւ արդարացի են համարում  սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը, քանի որ ի սկզբանե վստահ են եղել, որ նա կապ չունի նախկին գյուղապետի սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը:

«Մենք իր մասով կասկածներ չենք ունեցել ի սկզբանե, ստացվում է, որ այսքան ժամանակ նախաքննության մարմինը թոզ է փչել մեր աչքին եւ չի բացահայտել սպանության մեղավորներին»,- ասաց նախկին գյուղապետի եղբորորդին: Նա նաեւ շեշտեց, որ Պետրոսյանների ընտանիքի հետ իրենց նորմալ հարաբերությունները շարունակվելու են, չի բացառվում, որ գնան նաեւ տեսության Արայիկ Պետրոսյանին: Հակոբ Մուրադյանը շեշտեց, որ իրենք որեւէ ակնկալիք չունեին,թե հորեղբոր սպանության գործը կբացահայտվի: Իսկ թե գոնե իրենց համար պարզ է, թե ով է կանգնած այդ ամենի ետեւում, նա նշեց, որ «գյուղում ում մասին խոսում են, հենց նա է»: Թե ում մասին են խոսում, չկոնկրետացրեց, բայց հավելեց, որ այդտեղ դեր ունի նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսան, ոչինչ չցանկացավ ասել՝  հավելելով, որ իր պատասխանից, միեւնույն է, ոչինչ չի փոխվում, իր ներաշխարհն է խառնվում իրար:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ միայն նշեց, որ Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը պետք է քննարկել երեկ դատախազության կողմից տարածած հայտարարության համատեքստում: Նա շեշտեց, որ ՀՅԴ-ն շարունակելու է պահանջել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը եւ իրական մեղավորների պատժումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում էին, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։  Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա դեկտեմբերի 25-ին դուրս է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: