Ով ում ինչ ցանկանա, թող Աստված տա իրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով ներկայացրեց, թե ինչ է սպասում 2014 թվականից, ինչպես է  հաղթել հիվանդությանը, վերանայել կյանքը, ովքեր են իրեն ուժ տալիս, ինչով է պայմանավորում իր, Արամ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի շուրջ տարածված ասեկոսեները եւ այլն:

Պարոն Գրիգորյան, վերջին ամիսներին առողջականի վիճակի հետ կապված լուրջ փորձությունների միջով անցաք, եւ ուրախ եմ, որ հիվանդությունը այստեղ էլ հետ նահանջեց: Այս ընթացքում ի՞նչ վերանայումներ արեցիք: Ո՞րն է այս կյանքում մարդու միսիան: Ի՞նչ ենք տալիս ու վերցնում մեզ:

Շնորհակալություն բարեմաղթանքի համար: Ձեզ էլ առողջություն ու երջանկություն եմ ցանկանում: Մեր հայ ազգը պետք է առողջ լինի, հզոր լինի, հաղթող լինի: Դժվարություններ հաղթահարելուն ես սովորել եմ դեռ պատերազմի տարիներից: Հիմա այն մասին, թե ինչ ենք վերցնում եւ ինչ ենք տալիս: Կան մարդիկ, որ ապրում են մի նշանաբանով` վերցնել բնությունից ամեն ինչ եւ փոխարենը չտալ ոչինչ: Դրանք անպետք, պարազիտ մարդիկ են: Մարդը, որ ապրում է, պետք է ամեն մի վայրկյան մտածի, թե ինչով կարող է օգտակար լինել մարդկությանը, բնությանը: Հայ մարդը պետք է երկրապահ լինի, պետք է անընդհատ մտածի, թե ինչ կարող է անել երկրի, հայրենիքի, պետության, ժողովրդի համար: 

Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս ու հանուն ինչի՞ եք պայքարում:

Ինձ ուժ տվողն իմ արմատներն են, իմ ծնողներն են, մայրս է, թոռներս ու երեխաներս են, մեր այսօրվա երիտասարդ եւ պատանի երկրապահների սերունդն է, երկրապահներն են: Մարդու արմատները պետք է մայր հողից անընդհատ սնուցում ստանան: Եթե կտրվենք մեր արմատներից, էլ բանի պետք չենք լինի: Հային ուժ տվողը հայկական միջավայրն է, Հայաստանի օդը, հողը, ջուրը: Ու պետք է պայքարենք մեր երկիրն անարատ պահելու համար, հզորացնելու, շենացնելու համար: Պետք է հասնենք այն օրվան, որ Հայաստանն աշխարհի ամենակայացած պետություններից լինի, որ Արցախի անկախությունը ճանաչվի Ադրբեջանի կողմից: Մեր նպատակն այն պիտի լինի, որ մեր սերունդները լավ Հայաստանում ապրեն:

Շատերը Ձեր առողջական խնդիրները շահարկելով` լուրեր են տարածում, թե ԵԿՄ հերթական  համագումարից հետո ԵԿՄ նախագահը կփոխվի, եւ մատնանշվում են Սեյրան Օհանյանի եւ Արամ Սարգսյանի անունները: Կուրախացնե՞ք, թե՞ կհիասթափեցնեք այս լուրերի հեղինակներին:  Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը ԵԿՄ նախագահի ընտրություններում, թե՞ ոչ:

Ախր Երկրապահի վարչության նախագահը պաշտոն չի: Դա պատասխանատվություն է: Ես հո չե՞մ խնդրել, որ ինձ ընտրեն այս պաշտոնում: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ներքին թուրքի ձեռքով սպանվեց մեր առաջնորդն ու հիմնադիրը, մեր սպարապետ Վազգեն Սարգսյանը, երկրապահական ընտանիքն ինձ դիմեց` թե դու պետք է մեզ առաջնորդես: Դե հիմա իմ պարտքն է` հնարավորության սահմաններում հավատարիմ մնալ Սպարապետի ոգուն, նրա գործը շարունակել:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին կամ Արամ Սարգսյանին, նրանք իմ լավ ընկերներն են: Նման լուրեր տարածողները հույս ունեն, թե ինձ ու ընկերներիս իրար դեմ կկռվացնե՞ն: Իրենք, որ էդքան հասկանում են, բա ե՞ս ինչքան եմ հասկանում: Ջիվանին կասեր. «խելքի աշեցեք»: Ինչ վերաբերում է համագումարին, ապա դա Երկրապահի համար հոբելյանական է` 10-րդ համագումարն է: Համագումարն անցկացնելու ենք բարձր կազմակերպվածությամբ, մակարդակով, բոլոր երկրապահական ավանդույթների պահպանմամբ: Կազմկոմիտեն աշխատում է: Արդեն բոլոր տարածքային բաժանմունքներում կայացել են ժողովներն ու ընտրվել են համագումարի պատվիրակներ: Հիմա աշխատում ենք հաշվետվության նախագծի վրա, որ ներկայացնելու ենք համագումարի հաստատմանը: Իհարկե, նորընտիր վարչությունը նաեւ հայտարարություն կընդունի: Հայտարարությունն ըստ էության գնահատական է տալու ԵԿՄ անցած երկու տարվա գործունեությանն ու նախանշելու է գալիք երկու տարվա գործունեության առաջնահերթությունները: Համագումարը կընտրի վարչություն: Նորընտիր վարչության անդրանիկ նիստը, ավանդույթի համաձայն, կանցկացնենք հենց համագումարի դահլիճում, համագումարի բոլոր պատվիրակների, հյուրերի եւ մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ: Հենց այդ նիստի օրակարգում էլ կլինի ԵԿՄ վարչության նախագահի ընտրության հարցը: Ինքներդ կտեսնեք, թե ինչ մթնոլորտ է: Եթե դրանից հետո էլ հարցեր կմնան, ապա խնդրեմ, մնացյալ հարցերը կարող եք տալ համագումարին հաջորդող ավանդական մամլո ասուլիսի ժամանակ:

Որոշ ազատամարտիկներ շարունակում են բողոքները եւ հարցեր բարձրացնում: Ինչպե՞ս եք վերաբերում նրանց բարձրացրած հարցերին:

Երկրապահ կամավորականների միությունը տարբերակում չի դնում իր անդամների միջեւ: Մեր խնդիրն է նպաստել վիրավոր, անհայտ կորած եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների իրավական, սոցիալական պաշտպանվածությանը: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ` տղաների բարձրացրած հարցերն արդարացի են: Բայց մենք էլ պետք է հասկանանք, որ առաջնահերթ այլ խնդիրներ կան: Այսօր դեռ պատերազմի մեջ ենք: Պետք է սպառազինություններ ձեռք բերելու մասին մտածենք: Պետք է հոգանք, որ սահմանին կանգնած սպան, զինվորը հանգիստ լինեն իրենց ընտանիքների վիճակի համար, որպեսզի կարողանան ամբողջությամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը: Իսկ երկրապահների հոգսերը բոլորից լավ պատկերացնում է մեր նախագահը` ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Ձեր բացակայության ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եկավ Հայաստան, ում ժողովրդի մի զգալի հատված բողոքի ցույցերով դիմավորեց: Հետեւե՞լ եք արդյոք ներքաղաքական իրադարձություններին: Ի՞նչ տվեց եւ վերցրեց մեզնից նրա այցը:

Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք, ավելի ու ավելի ջերմացնենք: Եթե թուրք հարեւաններ ունենք, եթե չճանաչված ցեղասպանություն եւ Արցախի Հանրապետություն ունենք, ուրեմն պետք է բարեկամներ էլ ունենանք: Հզոր բարեկամներ պետք է ունենանք, որոնք եւս մի երաշխիք կլինեն, որ մեր թշնամիներն իրենց զուսպ պահեն: Ոչ միայն ռուսին, Եվրոպային ու Ամերիկային էլ պետք է ցույց տանք, որ մենք թուրքից լավն ենք, որ մենք արդար ենք եւ խաղաղասեր:

Քաղաքական խնդիրները շատ են, բայց ամանորյա տրամադրությունը ստիպում է շրջանցել քաղաքական թեմաները: Ինչպե՞ս, որտե՞ղ եւ ու՞մ հետ եք դիմավորում Նոր տարին: Ձեր ընտանիքում կա՞ ընդունված ավանդույթ, որ տարիներ շարունակ չի խախտվում: Ի՞նչ նվերներ եք ստանում եւ նվիրում: Ո՞րն է Ձեր առաջին կենացը, եւ ի՞նչ պետք է պարտադիր լինի Ձեր սեղանին:

Դեկտեմբերի 31-ի կեսօրին ԵԿՄ-ում երկրապահական սեղան ենք բացում: Գալիս են պատվիրակություններ ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ սահմանամերձ Արցախը, Տավուշը, Սյունիքը: Խաղաղություն ենք մաղթում մեր երկրին, խմում ենք Սպարապետի եւ մեր մնացյալ նահատակ ընկերների կենացը, շնորհակալություն ենք հայտնում նրանց, որ ապահովել են մեր այսօրվա հրադադարը: Հետո մեծ խմբով այցելում ենք Եռաբլուր, խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմներին: Դե իսկ Նոր Տարվա գիշերը պարտադիր իմ հարազատ օջախում եմ անցկացնում` շրջապատված երեխաներով, թոռներով, հարազատ-բարեկամներով, հարեւաններով, ընկերներով: Սեղանին էլ ավանդական, հայկական կերակրատեսակներ են` տոլմա, քյուֆթա, չիր: Համեցեք, այս տարի Ամանորը մեզ հետ դիմավորեք` երկրապահավարի, հայավարի:

Պարոն Գրիգորյան շնորհակալ եմ հրավերի համար: Գեներալները, չգիտեմ, Ձմեռ պապին հավատու՞մ են, թե՞ ոչ, բայց, անպայման  Նոր տարուն, թեկուզ մտքի մեջ, մի երազանք կպահեն: Ձիու տարուց ի՞նչ սպասումներ  ունենք, եւ ի՞նչ երազանք եք պահելու:

Արի էս մի հարցն օգտագործեմ եւ մեր ժողովրդի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավորեմ: Ես մաղթում եմ մեր հայ ազգին խաղաղություն, առողջություն, հաջողություններ, երջանկություն: Թող բոլորի բարի երազանքներն էլ իրականանան: Ով ում ինչ ցանկանա, թող Աստված տա իրեն: Թող Աստծո ձեռքը մեր ազգից անպակաս լինի:

Օրիգինալ բարեմաղթանք էր: Հուսով եմ` հաջորդ տարի, երբ Նոր տարուց առաջ հանդիպենք, Ձեր երազանքն արդեն իրականացված կլինի, որը այպես էլ չցանկացաք բարձրաձայնել:


Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը