Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Հակոբյանները արդարացի են համարում քննիչի՝ դերասանի կալանքը երկու ամսով հետաձգելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանների պաշտպան Մարատ Գինոյանը:

Նա շեշտեց, որ դա օրենքով սահմանված կարգ է, երբ երկամսյա կալանքի ժամկետը լրանում է,  նախաքննական մարմինը պետք է նորից միջնորդությամբ հանդես գա, որ երկարացնի կալանքի ժամկետը: Ինչ վերաբերում է դերասանի՝ ազատության մեջ մնալու պարագայում նոր անօրինական գործողություն կատարելու քննիչի կասկածներին, փաստաբանը նշեց, որ այդ բոլոր հիմքերը նախատեսված են Քրեական դատավարության օրենսգրքով: «Արդարացի է քննիչի միջնորդությունը: Հասկացանք, որ Վարդան Պետրոսյանն է, որպես դերասան հարգում ենք, ունի երկրպագուներ, բայց միթե պետք է մյուս կողմի իրավունքները, շահերը, վիշտը անտեսել, եթե մեղավոր է, թող պատասխանատվություն կրի: Կարծում եմ՝ քննիչի միջնորդությունը հիմնավորված է»,- ասաց Մարատ Գինոսյանը:

Կալանքի ժամկետը երկարացնելը նա ճնշում չի դիտարկում եւ շեշտում է, որ պետք չէ մասնավորեցնել, անհատականացնել, թե ով է մեղադրյալը: «Ցանկացած դեպքում էլ, երբ երկու երիտասարդ է մահացել, այդպես պետք է լիներ, օրենքի առաջ բոլորը հավասար են, չպետք է անհատականացնել».- ասաց Մարատ Գինոսյանը՝ հավելելով, որ մարդկային առումով որեւէ խնդիր չկա, քանի որ դերասանը բուժվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», արդեն իրեն համեմատաբար լավ է զգում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար: