Չի բացառվում, որ հետագայում Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն էլ վաղաժամկետ ազատ արձակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը՝ հավելելով, որ այդ թեմայով խոսելու համար դեռ պետք է դատավճիռը ուժի մեջ մտնի:

Նրա խոսքով՝ Խաչիկյանի նկատմամբ վաղաժամկետ ազատ արձակումը կապված չէ պատժաչափի հետ: Միջին ծանրության հանցագործությունները համար 1/3-րդ կրելուց հետո էլ ազատ արձակում, ծանրի դեպքում 1/2-րդը կրելուց հետո, իսկ առանձնապես ծանրի դեպքում 2/3-րդը կրելուց հետո»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե դատավճիռը, երբ ուժի մեջ կմտնի, նա արձագանքեց.«Ես չեմ կարող ասել: Դե տեղյակ եք, որ նրա դատավորը փոխվեց, ինչը նշանակում է, որ դատական գործը պետք է 0-ից սկսվի: Մինչեւ այդ դատաքննությունը 9 ամիս շարունակվեց եւ դեռ վերջը չէր երեւում: Իմ պատկերացմամբ դեռ մի 6-7 ամիս էլ կշարունակվեր: Հիմա այս պարագայում խոսել դատավճռի ժամկետի մասին շատ շուտ է»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: