2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում օդանավակայաններում պատգամավորների կողմից VIP-սրահներից եւ պաշտոնական անձանց ու պատվիրակությունների սրահներից օգտվելու վերաբերյալ նոր օրենք` հաստատված Պետդումայի խորհրդի կողմից:

Այսուհետ, ըստ նոր օրենքի, ռուսաստանցի պատգամավորները կարող են դաշնային բյուջեի հաշվին անվճար օգտվել  միայն օդանավակայանների եւ կայարանների պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների սրահներից: Այլ, մասնավորապես` VIP սրահների  վճարման ծառայություններ նախատեսված չեն, հայտնում է «Իզվեստիան»: 

Համապատասխան որոշում է կայացվել` Դաշնային Խորհրդի անդամների եւ Պետդումայի պատգամավորների կողմից  օդանավակայաններում եւ կայարաններում VIP-սրահներից օգտվելու համար ֆինանսավորումը դադարեցնելու մասին ֆինանսների նախարարարության նամակը քննարկելուց հետո: Ըստ գերատեսչության` ամեն տարի Դաշնային խորհրդի անդամները VIP-սրահներից օգտվելու համար ծախսում են 30 միլիոն ռուբլի, Պետդումայի պատգամավորները`  70 միլիոն ռուբլի: