«Հայ-թուրքական գործընթացն ինքնին կանգնած չի, այն շարունակվում է, պարզապես, Թուրքիային հետաքրքրում է միայն գործընթացը եւ նա դա ստանում է, իսկ Հայաստանը ինչ-որ արդյունք է ակնկալում, որը չի ստանում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում անդրադառնալով Վաշինգթոնում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպմանը, կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով, որ Հայաստանը իր ակնկալածը չի ստանում, որովհետեւ Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ մինչեւ չլուծվի ԼՂ խնդիրը, հայ-թուրքական գործընթացը պրակտիկ դրսեւորումներ չի ունենա:

«Հիմա խնդիր է դրված ֆիքսել, որ գործընթացը կանգնած չի, իսկ Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ, խոսքն առաջին հերթին գնալու է Ղարաբաղի մասին, ինչի մասին արդեն հայտարարել է Էրդողանը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե բայց չէ՞ որ հայկական կողմը կտրականապես հրաժարվում է հայ-թուրքական գործընթացը կապել ԼՂ խնդրի հետ, քաղաքագետն արձագանքեց. «Հայկական կողմը շատ դեպքերում ասում է մի բան, բայց պրակտիկայում դա կարող է ստանալ բոլորովին այլ, նույնիսկ հակառակ դրսեւորումներ: Վաշինգթոնում կլինի ինչ որ մի բան, որը թույլ կտա Օբամային ապրիլի 24-ին չարտասանել „գենոցիդ“ բառը, երկրորդ. Կլինի ինչ-որ բան, որը թույլ կտա ասելու, որ հայ-թուրքական գործընթացը շարունակվում է եւ, իհարկե, ԼՂ խնդրի հետ կապված տեղի կունենան որոշակի հստակեցումներ»

Հարցին, թե Օբամային չի՞ հաջողվի ադրբեջանական գործոնը դուրս թողնել հայ-թուրքական գործընթացից, Ռ. Մեհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դրա հավանականությունը զրոյականին մոտ է, քանի որ դա թույլ չի տա Թուրքիայի հասարակական կարծիքը եւ նաեւ Ադրբեջանը»: