Ղըրղզստանում անկարգությունների ժամանակ զոհված անձանց թիվը հասել է 79-ի:

Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով, ապրիլի 10-ի գիշերը ստացած վնասվածքներից մահացել են եւս երեք մարդ: Առ այսօր յոթ զոհերի դիակներ մնում են չճանաչված:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում ոստիկանության աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ սկսված բախումների արդյունքում տուժել են մոտ հազար հոգի:

Ինչպես հաղորդում է «Կաբար» գործակալությունը, այսօր Աթա-Բեյիթ գերեզմանոցում՝ Բիշքեկի մերձակայքում կայանալու է ապրիլի 7-ին զոհվածների հուղարկավորության արարողությունը: Ժամանակավոր կառավարությունը որոշել է թաղել զոհերին պետական պատիվներով: Բոլոր արարողությունները կանցկացվեն պետության հաշվին:

Զոհվածների ընտանիքներին տրվելու մեկ միլիոն սոմ, վիրավորներին՝ 10-ից 50 հազար սոմ ՝ ստացած վնասվածքներից կախված: