Լեհաստանի նախագահի կործանված ինքնաթիռի մեջ էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ: «Վեստիի» փոխանցմամբ, Պայքարի եւ նահատակության պահպանման խորհուրդը հրապարակել է կործանված ինքնաթիռի ուղեւորների ցանկը:
Ինքնաթիռւմ են գտնվել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին ու նրա կինը՝ Մարիա Կաչինսկան, պաշտպանության նախկին նախարար եւ Լեհաստանի նախագահի թեկնածու Եժի Շմայձինսկին, հանրապետության նախկին աքսորյալ նախագահ Ռիշարդ Կոչարովսկին, նախագահական գրասենյակի ղեկավար Վլադիսլավ Ստասյակը, լեհական ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ֆրանտիշեկ Գոնգորը, Պայքարի եւ նահատակության պահպանման խորհրդի նախագահ Անջեյ Պշեվոզնիկը: Ինքնաթիռով թռչում էին նաեւ «Կատինյան ընտանիքներ» կազմակերպության անդամները՝ գնդակահարված լեհ սպաների երեխաներն ու թոռները:
Ինչպես «Գազետա.ru»-ին հայտնել է Սմոլենսկի նահանգապետ Անդրեյ Եվսեենկոն, ինքնաթիռը առավոտյան ժամը 10.50-ին ընկել է մարզի Պեչերսկա քաղաքի մերձակայքում՝ «Սեւերնի» օդանավակայանին մոտենալու ժամանակ: Նախագահական ՏՈՒ-154-ը թռչում էր օդանավակայան վատ տեսանելիության պայմաններում, գետնի վրա ուժեղ մառախուղ էր: Օդանավը 3-4 անգամ փորձել է վայրէջք կատարել:
Նախնական տեղեկություններով, մառախուղի մեջ ինքնաթիռը դիպել է ծառերի կատարներին եւ ընկել անտառում՝ ընդամենը 2 կմ չհասնելով թռիչքուղուն: ԱԻՆ տվյալներով, ընկնելուց հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում են լեհական ԶԼՄ-ները, դեպքի վայր է ժամանել վարչապետ Դոնալդ Տուսկը:
Լեհ Կաչինսկին 60 տարեկան էր: Մինչ իր նախագահությունը նա զբաղեցնում էր Վարշավայի քաղաքապետի պաշտոնը, եղել է «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդներից մեկը: 2005թ. ընտրվել է Լեհաստանի նախագահ:




























