Այսօր` ապրիլի 10-ի առավոտյան վթարի ենթարկված, Լեհաստանի նախագահի ՏՈՒ-154 ինքնաթիռում գտնվել է 96 հոգի: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Զոհերի թվում են լեհական պատվիրակության 88 անդամները եւ ինքնաթիռի 8 հոգանոց անձնակազմը: Բոլորը զոհվել են: Վթարի վայրում ներկայումս աշխատում են փրկարարները, որոնք վերացնում են վթարի հետեւանքները: Այդ աշխատանքներում ներգրավված են 100 հոգի եւ 18 միավոր տեխնիկա:
Զոհերի պաշտոնական ցուցակը հրապարակվել է TVN-24 հեռուստաալիքի եթերում: Բացի Լեհաստանի նախագահից ու նրա տիկնոջից, ինքնաթիռում են եղել նաեւ Լեհաստանի Սեյմի փոխնախագահը, Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային անվտանգության Բյուրոյի ղեկավարը, Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, ԱԳ փոխնախարարը եւ այլ պաշտոնատար անձիք: Զոհվել են նաեւ Սեյմի 15 պատգամավորներ, Լեհաստանի մարդու իրավունքների հարցով լիազոր ներկայացուցիչ Յանուշ Կոխանովսկին, Լեհաստանի ԶՈՒ 6 նախկին ներկայացուցիչներ: Նախնական տվյալներով, վթարի պատճառը ուժեղ մառախուղն է եղել, որի պատճառով վայրեջքի ժամանակ ինքնաթիռը հարվածել է ծառերին ու թռիչքուղի չհասած` ընկել:




























