Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից գյուղերում մի շարք ծրագրեր կիրականացնի: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էփրեհթը:

Նրա խոսքով՝ գյուղերն ընտրվել են ելնելով դրանց խոցելիությունից, քանի որ սահմանին մոտ են գտնվում, բնակիչներին քիչ են հասանելի ենթակառույցները, հողերը. «2013թ.-ին հինգ գյուղերում մենք խմելու եւ ոռոգման ջրի անցկացման ծրագրեր ենք իրականացրել, ցորենի սերմեր, պտղատու ծառերի տնկիներ բաժանել»:

Մյուս աշխատանքները, որոնք իրականացվում են ինչպես հայկական, այնպես էլ արբեջանական կողմում, վերաբերում են քաղաքացիների դեմ ուղղված կամ նրանց մասնակցությամբ միջադեպերին: «Միջադեպի դեպքում մենք այցելում ենք շրջան, դրա մասին առավել մանրամասն տեղեկություններ հավաքում, հետո դիմում ենք իշխանությունների պատասխանատու ներկայացուցիչներին ու գաղտնիության պայմաններում ներկայացնում ենք տեղեկատվություն, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը եւ ինչպիսի առաջարկներ կարող ենք անել տվյալ միջադեպի հետ կապված ՄՀԻ նորմերի խախտման տեսանկյունից»,- նշել է պատվիրակության ղեկավարը: