Ալլա Պուգաչովան պատրաստվում է լքել Ռուսաստանը եւ տեղափոխվել Ուկրաինա: Նման որոշման պատճառը Ռուսաստատում բոլոր տեսակի կազինոների փակումն է: Հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Այս հայտարարությունը «պրիմադոննան» արել է երեկ Յուրմալայում, որտեղ նա մասնակցում է «Նոր ալիք» երաժշտական մրցույթին:
Ալլա Պուգաչովան համարվում է մոլեխաղերի մեծ երկրպագու: Երգչուհին չի բացառում, որ որպես նոր բնակավայր կարող է ընտրել նաեւ Բելառուսը, որտեղ կազինոները օրենքից դուրս չեն հայտարարվել: Ընդ որում, այս առնչությամբ Պուգաչովայից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին լրացել է երգչուհու 60-ամյակը եւ նա որոշել է իր հոբելյանը նշել մեկ տարի տեւողությամբ հյուրախաղերով, այնուհետեւ հեռանալ բեմից: Հյուրախաղերն սկսվել են Մոսկվայից եւ կանցնեն բոլոր նախկին ԽՍՀՄ երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Իսրայելում, ու Գերմանիայում:
Հոբելյանի կապակցությամբ, երգչուհուն շնորհավորել են արվեստի ու քաղաքական բազմաթիվ գործիչներ, այդ թվում Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: «Ես համոզված եմ, որ եթե նախկին ԽՍՀՄ-ի ցանկացած քաղաքում դուրս գանք փողոց եւ հարցնենք, թե ով է ղեկավարում ՄԱԿ-ը, ով է առաջինը իջել Լուսնի վրա կամ առաջին անգամ վերծանել մարդու գենը, բոլորը չէ, որ կիմանան, բայց հաստատ բոլորը կիմանան, թե ով է Ալլա Պուգաչովան եւ ինչպես է նա երգում: Պուգաչովան ժամանակից ու սահմաններից դուրս է»,- ասել է Տիմոշենկոն:




























